ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լուրեր

Լուրեր
21.10.2008 | 00:00

Հաջողությամբ «ցրել» է
Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական նախագծերն առժամանակ սառեցվել են։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական ներկայացուցիչներին առաջարկել է միմյանց հակադրվող երկու նախագծերի շուրջ ընդհանուր համաձայնության գալ և հետո միայն այն առաջարկել հակամարտող կողմերի քննարկմանը, արձանագրելով, որ Հայաստանը չի կարող նախապատվություն տալ մի նախագծի կամ մերժել մյուսը, այն դեպքում, երբ միջնորդներն իրենք վերջնական համաձայնության դեռ չեն եկել։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուսները մտահոգ են
Ըստ շրջանառվող, բայց չճշտված տեղեկությունների՝ երեկ Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահը մտադիր է, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի նախագահի հետ քննարկել նաև երկրի ներքաղաքական կացությունը, մասնավորապես, արևմտյան ազդեցության ակնհայտ մեծացումը Հայաստանում։ Ռուսական կողմի դժգոհությունն է հարուցել այն, որ ամերիկյան ազդեցությանը զուգահեռ Հայաստանում աճում է նաև բրիտանական ազդեցությունը՝ ի դեմս նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի հայաստանյան ակտիվ գործունեության։
Մ. ՈՍԿԱՆՅԱՆ

Նախապատրաստվում է արտահերթի՞
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը բոլորովին վերջերս «Բելաջիո» ռեստորանում ճաշկերույթի էր հրավիրել իրեն համակրող մի շարք լրատվամիջոցների ղեկավարների։ Հիմա էլ նրա շրջապատը լուրեր է տարածում, որ նախկին նախագահը պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալ գարնանը՝ բարձր պաշտոնական կարգավիճակով։ Ըստ շրջանառվող լուրերի, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ սփյուռքյան որոշ շրջանակների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թեպետ Քոչարյանի ապագան այսօր մշուշոտ է, բայց չի բացառվում, որ երկրում առաջանա ֆորսմաժորային իրավիճակ՝ արտահերթ նախագահական ընտրությունների ձևով, և այդ ժամանակ Քոչարյանն անպայման իր թեկնածությունը կառաջադրի։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՀՅԴ-ն կոալիցիայում է, բայց կարող է և դուրս գալ
Երեկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե դաշնակցությունը կառավարող կոալիցիայում գտնվելով՝ փորձում է ազդել իշխանության դիրքորոշումների վրա ինչպես Արցախի, այնպես էլ Հայ դատի պաշտպանության խնդիրների հետ կապված։ Սակայն եթե դա անբավարար համարվի, ՀՅԴ ներկայացուցիչը չի բացառում, որ դաշնակցությունը դուրս գա կոալիցիայից։
Արցախի հարցի կարգավորման հեռանկարի հետ կապված դաշնակցական գործիչը լավատես չէր։ «Ես չունեմ այն լավատեսությունը, թե մինչև տարեվերջ կարող է լինել Արցախի հարցի կարգավորում։ Տարածաշրջանում վրաց-օսական հակամարտությունից հետո որոշ գործընթացներ կարող են տեղի ունենալ նույնիսկ Հայաստանից անկախ։ Բայց մինչև ԱՄՆ-ի նոր նախագահը չստանձնի պաշտոնը, Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել»,- նշեց Կ. Մանոյանը։

Նոր ընթերցումով
Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին առիթ ունեցավ «կապել» իր դրես-կոդը (վիզկապը) և այցելել նախագահական: Թե ինչ թախծալի ապրումներ է ունեցել էքսնախագահն իր երբեմնի ռեզիդենցիայում անցկացրած ժամերին, իր իմանալիքն է, մենք միայն տեղեկացնենք, որ նա ևս հրավիրված է եղել Մեդվեդևի պատվին նախագահականում Սերժ Սարգսյանի տված ճաշկերույթին:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա վերջինս իր դրես-կոդը կապել, Հայաստանից հեռացել է տասն օրով՝ ասին նրա մամլո գրասենյակից: Փորձեցինք ճշտել` «է՞՜, գոնե հրավիրատոմս ուղարկվե՞լ է էքսնախարարին»։ Պարզվեց՝ ոչ ոք «հավես» չունի ճշտելու. «մանրուքներ» են` ասին:
Հասկանալի է, Մեդվեդևի այցի առիթով ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցներ: Նա Երևանում կշրջի իր սեփական ավտոմեքենայով, որն իրենից շուտ է «եկել» Հայաստան:
Երկու երկրների նախագահների մամլո ասուլիսը կլինի բացօթյա, բայց ոչ այնտեղ, ուր տեղի ունեցավ Ժակ Շիրակի և Քոչարյանի ասուլիսը: Նոր «ընթերցումով» է հանդես եկել նոր նախագահը. ասուլիսը տեղի կունենա շենքի հակառակ կողմում և առանց Քոչարյանի: Կհնչի չորս հարց` կողմերի միջև հավասար բաշխմամբ:
Մխիթարվենք. դա միակ բաշխումն է կողմերի միջև, որ հավասար է:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Գետանցի ժամանակ ձիերին փոխում են
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին առնչվող խոսակցությունները։ Նույնիսկ ժամկետներ են նշվում, որոնք, իբր, մատնանշել է հենց նա, հավաստիացնելով, թե վերադառնալու է այս տարվա նոյեմբերին։ Էքսնախագահի շրջապատին մերձ աղբյուրները պնդում են, սակայն, որ վերջինս հստակ ժամկետ առայժմ չի նշել, թեև մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն, բնականաբար, ունի։ Այդ մտադրությունն առարկայական տեսք է ստանալու սեփական կուսակցությամբ, որի ստեղծման դետալների շուրջ Քոչարյանն այս պահին լուրջ քննարկումներ է անցկացնում տարբեր քաղաքական գործիչների հետ։ Փաստորեն, միայն իրեն հայտնի պատճառներով նախկին նախագահը «երես է թեքել» նախկին «հենարաններից» (ՀՅԴ, ԲՀԿ) և որոշել է պայքարի դաշտ ներխուժել նոր քաղաքական «երիվարներով»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Նոր «գոհարներ»
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն ունի ղեկավար: Երեկ 83 կողմ ձայնով հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ), ում նախընտրական ելույթը յուրահատուկ «գոհարների» փունջ էր։ Մեջբերենք դրանցից ընդամենը մեկը. «Սոցիալական խնդիրները հասարակությունում լինում են օրինական և ոչ օրինական, այսինքն՝ բնական և ոչ բնական ճանապարհով»: Իսկ ընդդիմություն-իշխանություն ասելու փոխարեն էլ Հակոբյանը նախընտրում էր ասել «օպոզիցիա-պոզիցիա»: Դե, խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը պետք է բարձրացնե՞լ, թե՞ ոչ:
Ռ. Խ.

Լավ նշան չէ
Այսօր ՀՀ և ՌԴ նախագահների «ձեռամբ» մարտի 1-ի արյունոտ դեպքերի «ականատես» Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքը «կօրհնվի» որպես Ռուսական հրապարակ։ Դժվար է ասել՝ Դմիտրի Մեդվեդևը տեղյա՞կ է, արդյոք, թե ինչ տխուր համբավ ունի սույն տարածքը, սակայն մի քանի քայլի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանատանն էլ, հո, ուղտի ականջում քնած չե՞ն։ Կարող էին, չէ՞, սեփական երկրի նախագահի ականջին մի թեթև շշնջալ, որ վատ աուրա ունեցող տարածքը Ռուսական հրապարակ անվանակոչելը հե՜չ լավ նշան չէ։ Ասենք, այս հարցում մեր իշխանություններին հասկանալն էլ հեշտ չէ. ռազմավարական թիվ մեկ դաշնակից համարվող պետության անունն ինչո՞ւ են տանում-բերում-կապում մարտի 1-ի հետ։ «Փիքր» անելու բան է։
Լ. Մ.

Երկակի ստանդարտ
Իսկական անակնկալ էր Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի բացարձակ հաղթանակը ՀՀԿ-ի «դաբրոն» ունեցող Հակոբ Հակոբյանի նկատմամբ։ Էջմիածնի մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոալիցիոն դաշնակիցներ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի տարածքային կառույցների որոշ ներկայացուցիչներ ընտրություններում երկակի ստանդարտներով են առաջնորդվել՝ հայտարարելով, թե սատարում են Հակոբյանին, իսկ «տակից» գործելով Գրիգորյանի օգտին։ Այս ծպտյալ «կոնտինգենտը», նույն աղբյուրների փոխանցմամբ, եղել և մնում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեսուրսը և հերթական անգամ նրա անմիջական հրահանգով Էջմիածնում «մատ արեց» Սերժ Սարգսյանի կողմնակիցներին՝ քաղաքապետի աթոռը տառացիորեն փախցնելով վերջիններիս պաշտպանյալ թեկնածուի հենց քթի տակից։
Լ. Մ.

Վարչապետի ապագա հենարանը
ԱԺՄ-ական շրջանակների մեր աղբյուրի հավաստմամբ՝ Վազգեն Մանուկյանը նախապատրաստական լուրջ աշխատանք է տանում լիբերալ ուղղվածության ծանրակշիռ միավորում ստեղծելու ուղղությամբ։ Նա ձեռք է բերել նոր համախոհներ և ունի ծանրակշիռ աջակցություն։ Նույն աղբյուրը միանգամայն հնարավոր է համարում, որ այդ միավորումը հետագայում կդառնա վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական հենարանը։ Հիշեցնենք, որ ներկա վարչապետը 1991-ին ԱԺՄ հիմնադիրներից է եղել։
Ա. ԲԱՐՖՅԱՆ

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ